Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ահա թե ոնց են պառակտում ազգը

Ահա թե ոնց են  պառակտում ազգը
06.09.2013 | 11:32

Ամռանն ավելի թեժություն հաղորդեցին իրար հաջորդող բողոքի ակցիաները: «Փակ շուկայի» անօրինականությունների դեմ բողոքը, թերևս, միակն էր, որ «պատասխանող» կողմ ուներ: Հայտնի օլիգարխը գործի դրեց իր ճղճիմ մեթոդները` հրապարակ հանելով կանանց սեփական «դեսանտը»: Արդյունքում «բարեգործ» դարձած Սամվել Ալեքսանյանը շարունակում է «Փակ շուկայից» «Սիթի» կերտել:
Մեր զրուցակիցները` «Նախախորհրդարանի» անդամ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ և ճարտարապետների միության փոխնախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԴԱԼՅԱՆԸ, իրենց դիտարկումները ներկայացրին խնդրի առնչությամբ:

«ՍՏՐՈՒԿՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏԻՐՈՋՆ ՈՒ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՓՈՂ ՍՏԱՆՈՒՄ»

ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ
-Ինչպե՞ս է ստացվում, որ պատասխանատու գերատեսչությունները, մասնավորապես մշակույթի նախարարությունը, քաղաքապետարանը, դեմ են անօրինական գործողություններին, սակայն օլիգարխը շարունակում է շինաշխատանքները:
-Դուք շոշափում եք Հայաստանի սոցիալ-տնտեսական համակարգի կառուցվածքի հարցը: Շատերը չեն էլ գիտակցում, թե օլիգարխիան ինչ սարսափելի երևույթ է: Երբ օլիգարխիան սկսում է սողոսկել ու վերահսկել նաև քաղաքականության մեջ` օրենսդիր և գործադիր դաշտում, երկիրը դառնում է մի մեծ կոռուպցիոն որջ: Մեզ մոտ ողջ ներքին կառուցվածքը կոռուպցիոն է: Պետությունը չի ծառայում իր քաղաքացիներին, դադարում է լինել հանրապետություն ու դառնում է մի քանի անձանց հարստացման միջոց: Սա դրա դասական օրինակն է: Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը պատգամավոր է, իշխող կուսակցության կարկառուն անդամ, ապահովում է այդ կուսակցության վերարտադրությունը` հայտնի միջոցներով` խաժամուժով, զինված խմբավորումներով և այլն: ՈՒ համակարգն այլևս չունի իրենցից մեկին պատժելու լծակներ: «Փակ շուկան» ընդամենն այս ամենի մեջ մի դեկոր է, սա կոչվում է պետականության կորուստ:
-«Փակ շուկայի» պարագայում մի առանձնահատկություն էլ կա. օլիգարխը հատուկ «ջոկատ» է ոտքի հանել` ի պաշտպանություն իրեն: Նման պարագայում բողոքի ակցիան հեռանկար ունի՞:
-Ակնհայտ է, որ կարեկցանքի արժանի կանանց և տղամարդկանց հետ վարվում են ինչպես ստրուկների, որոնք պաշտպանում են իրենց տիրոջն ու դրա համար փող ստանում: Այսինքն, նրանք իրենց աշխատանքային օրը սկսում են ոչ թե կեղծ արտադրանք, սնունդ, դեղորայք արտադրող նրան պատկանող գործարաններում, արտադրամասերում, այլ փողոցներում: Առաջին անգամ մեզ մոտ երևում է քաղաքացիական պատերազմի վտանգը: Փաստորեն, այդ մարդը շատ վտանգավոր քայլ է անում, պատրաստվում է շշերից բաց թողնելու վիշապներ, որոնց դեմ ոչ մի հասարակություն չի կարող կանգնել: Դրանք ատելության, քաղաքացիական պատերազմի սաղմերն են: Մենք փոքր ազգ ենք, ու անգամ ընտանիքներ են բաժանվում, թե ով ում կողմում է:
-Լավ, այդ մի օլիգարխի ուժն այդ ինչքա՞ն մեծ է, որ ոչ մեկը չի կարող նրա դեմն առնել:
-Իրականում մենք գործ ունենք ոչ թե մի օլիգարխի, այլ ողջ համակարգի հետ: Գողական աշխարհի օրենք է, եթե մեկին հանես, համակարգը փլուզվում է: Իրենք կարող են իրար կրծելով սպանել, բայց թույլ չտալ, որ հասարակությունը (որ իրենց խոսքերով ասած` դիտում են որպես համբալ) աշխարհի տերերին նեղացնի:
-Մինչև ե՞րբ են «աշխարհի տերերը» այսպես վարվելու: Ի դեպ, չնայած հասարակական ընդվզումներին, Ձեր նշած համակարգը շարունակում է կառչած մնալ իր տեղին:
-Իրենք սարսափած են, անվստահ են զգում: Երբ հասարակությունը գնալով հաղթահարում է իր վախը, պառակտվածությունը, նրանք ավելի թույլ են զգում: Ի վերջո, նրանք մեծաթիվ չեն անգամ իրենց վարձու բանակներով, ընդամենը քառասուն ընտանիք է, որ պատասխանատվության է կանչվելու:


«ԵԹԵ ԹՇՆԱՄՈՒ ԴԵՍԱՆՏ ԻՋԵՑՆԵԻՆ ՔԱՂԱՔԻ ՎՐԱ, ԱՎԵԼԻ ՔԻՉ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԵՐ, ՔԱՆ ԱՅԴ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ»

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԴԱԼՅԱՆ


-Եթե թշնամու դեսանտ իջեցնեին քաղաքի վրա, ավելի քիչ վնաս կհասցներ, քան այդ սեփականատերը, որն ազգային արժեքի հետ նման կերպ է վարվել:
-Անդառնալի կորո՞ւստ է հասցվել «Փակ շուկային»:
-Հաշվի առնելով, թե ինչ երկրում ենք ապրում և ում հետ գործ ունենք, չեմ կարծում, թե հնարավոր է ինչ-որ բան վերադարձնել: Երբ երկրի ղեկավարությունը մտածի ազգային արժեքների մասին, այդ ժամանակ միայն կարելի է հուսալ, որ կունենանք ինչ-որ բան: Այսօր հույս չունեմ:
-Մինչդեռ օլիգարխի պաշտպանները պնդում են, թե աշխատատեղերի հարց է լուծվելու:
-Եթե էդ մարդն ուզում է աշխատատեղեր բացել, Հայաստանում դա իրագործելու շատ այլ տեղեր կան: Պետք չէ սպեկուլյացիա անել ու մի քանի բողոքավոր մարդկանց, որոնց ցույց են տվել մի քանի կոպեկ, խոստացել են աշխատավարձ, ոտքի հանել: Վաղն այդ աշխատատեղերն իրենք չեն ստանալու, լինելու է ուրիշ մի վիճակ. ոչ թե բանջարեղեն վաճառելու շուկա է լինելու, ինչպես այդ մարդկանց են խաբել, թե իրենց տեղ են տալու, այլ սիթի, որտեղ այլ չափանիշներով են աշխատանքի ընդունում: Այսօր այդ միամիտ, սոված-ծարավ մարդիկ կարող են ցանկացած պրովոկացիայի գնալ: Սա ազգի մեջ թշնամություն մտցնել է. ահա թե ինչ է անում Սամվել Ալեքսանյանը:
-Մինչ «Փակ շուկան» էլ Երևանի դեմքը աղավաղվում էր տարաբնույթ անօրինական շինություններով ու եղածն ավերելով, քանդելով: Որքան երևում է, այդ միտումը դեռ շարունակվելու է:
-Չեմ ցանկանում միևնույն հարթության մեջ դնել մնացած շինարարությունները, որոնք փաստաթղթերով են իրականացվում, բայց բոլորի պարագայում էլ նույն միտումն է: Չմտածված քայլեր են անում ու արդեն իսկ խիտ կառուցապատման մեջ վերստին խտացումներ են անում: Սա երևանցու հանդեպ հանցագործություն է: Իրենց և իրենց ընտանիքների հանգիստ ապրելու համար այսօր շատերը ցանկանում են կենտրոնից փախչել, սա նշանակում է ստիպողական տեղահանում: Ցեղասպանության նման մի բան է դա: Չեմ ցանկանում ընդհանուր բաներ ասել բոլոր օբյեկտների, շինությունների մասին, որովհետև ամեն մեկն ունի իր նորմատիվային խախտումները: Համենայն դեպս, յուրաքանչյուր շինարարություն սկսելիս պետք է շատ խոր ուսումնասիրություն լինի: Մեզանում այդպես չէ: Բազմահարկ կառույց նախաձեռնելիս անգամ հաշվի չեն առնում, թե այն հեռվից ինչպիսի դիտարկում կունենա, որն աղավաղում է և Երևանի սիլուետը, և կառուցապատումը, և դեմքը: Երևանը մենք կորցնում ենք, երևի թե արդեն իննսուն տոկոսով կորցրել ենք: ՈՒնենք մի քաղաք, որի անունը պիտի փոխել ու ինչ-որ թվով գրել` ասենք Երևան-1213, ուրբաթ օր:
-Ի՞նչ է ստացվում` բոլորը դեմ են հակաօրինական կառուցապատմանը, այդ թվում նաև` «Փակ շուկայի» պարագայում, սակայն չեն կարող մի օլիգարխի ախորժակը զսպել:
-Եթե այդ անձը ոչինչ չի լսում ու ոչ մեկը չի կարող նրան զսպել, ապա շան գլուխը շատ խոր է թաղված: Մի մարդ կարող է ասել, այդպես պետք չէ, սիրուն չէ, նա էլ չի ուզում ասել, որովհետև ինքն էլ չի հասկանում, որ դա սիրուն չէ:
-Տխուր է Ձեր այն դիտարկումը, թե կորցրել ենք Երևանի իննսուն տոկոսը: Այնուամենայնիվ, հնարավոր կլինի՞ որևէ X պահի ինչ-որ բան հետ բերել։
-Դժվար է։ Հույս ունենանք, որ ավելի շատ բան չի փոխվի: Հեշտ չէ կորցրածը հետ բերելը։ Նաև չի նշանակում, թե ինչ կառուցված է, բայց ինձ դուր չի գալիս, պիտի քանդվի: Որևէ բան քանդելով առաջ չենք գնա: Հիմա քանդելով, ոչնչացնելով պատմական արժեքները` կորցնում ենք եղած վերջինը: Վերադարձնել չի նշանակում ամեն ինչ քանդել ու դարձնել չորսհարկանի Երևան: ՈՒղղակի պիտի մի քիչ զուսպ ծրագրեր ներկայացնել ու չափից ավելի չծանրաբեռնել կենտրոնը:


Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ